Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Լավագույն» ավանդույթները շարունակվում են

«Լավագույն» ավանդույթները շարունակվում են
11.07.2008 | 00:00

«Մարդու մեջ լավն ու վատը ճշտելու ամենահեշտ միջոցը ուշադիր հետևելն է, թե ինչի է նա ձգտում, երբ պետության ղեկին հայտնվում է այլ ղեկավար»։
Գալբա կայսեր ժառանգորդ նշանակելու մասին հրովարտակից


Արդեն վաղուց և նախանձելի հետևողականությամբ հասարակական միտքը Հայաստանում շարունակաբար մատնանշում է պետական համակարգում առկա խեղաթյուրումները և այդ համատեքստում ֆեոդալա-մաֆիական բնույթի փոխհարաբերությունները, որ օրենքի ուժ են ստացել պետական կառույցներում։ Թեկուզ և անկախության սկզբից երկրում հռչակվեց օրենքի գերիշխանություն և բոլորի հավասարություն այդ նույն օրենքի առջև, իրականում բոլորն էլ գիտեին, որ ոմանք «ուրիշներից ավելի հավասար են»։ Անկախ իրենց աշխարհընկալումից, կրթությունից կամ կենսափորձից՝ արդեն վաղուց բարձրագույն իշխանության կրողներն այս երկրում գործում են սիցիլիական մաֆիայի սկզբունքից ելնելով, որ «ընտանիքի անդամին հանձնել չի կարելի ոչ մի հանգամանքներում»։ Իշխանությունը Հայաստանում, այս առումով, գործում էր բավական գռեհիկ նորմատիվից ելնելով՝ «թեկուզ պոլի փետ լինի, մեր տղան լինի»։ Եվ այս սկզբունքը դարձել էր իշխանական բուրգի անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկը։
Համակարգային այս ողջ այլանդակությունն ամուր հաստատվեց կառավարման համակարգում դեռևս պետականության արշալույսին։ Այս կապակցությամբ հիշատակելի են առաջին կոռուպցիոն գործերը, մասնավորապես առևտրի ոլորտում տեղի ունեցող ակնհայտ չարաշահումներն ու հովանավորչությունը, որ ժամանակին մատնանշեց և հասարակության սեփականությունը դարձրեց հանգուցյալ Համբարձում Գալստյանը Երևանի քաղաքապետ եղած ժամանակ։ Քանի որ այդ ամենի մեջ մասնակցություն ուներ ՀՀՇ-ի ղեկավարությունը, Լևոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ նախընտրեց անտեսել հասարակական կարծիքը և թույլ չտվեց այդ գործի բացահայտումն օրենքի սահմաններում։ Հավանաբար այս դրսևորումներում պետք է որոնել նախնական կապիտալի կուտակման հայկական դեֆորմացված պատկերացումների արմատները։
Տեր-Պետրոսյանին հաջորդած Ռոբերտ Քոչարյանի վարչակազմի կողմից արդեն ստեղծվեցին բոլոր նախադրյալները, կառուցվածքներն ու գաղափարախոսությունը, որի համաձայն Հայաստանում հասարակության վզին, իբրև կառավարման հիմնական սկզբունք, փաթաթվեց այն փիլիսոփայությունը, թե նախագահն ամենակարող է և ամեն ինչ իր հայեցողությամբ որոշելու իրավունք ունի։ Եվ որքան ժողովուրդը, օտարվելով իշխանությունից, ինքնամեկուսանում էր` ձեռքն ամեն ինչի վրա թափ տալով, այնքան ավելի էին ամրապնդվում կառավարման մաֆիոզ սկզբունքները, որոնց համաձայն հասարակությունը բաժանված էր ամեն ինչի իրավունք ունեցող փոքրամասնության և բոլոր իրավունքներից զրկված մեծամասնության։ Եվ այնուհանդերձ, բոլոր դեպքերում ժողովուրդն առողջ բնազդով միշտ էլ պետության առաջին դեմքից է ակնկալել ավգյան ախոռների մաքրումը և օրինականության հաստատումը։
Միաժամանակ հանուն արդարության պետք է նշենք, որ պետության նախկին ղեկավարներից և ոչ մեկը չի փորձել ոչնչացնել ընդհանուր ջանքերով ձևավորված անձեռնմխելիների կաստան։ Բացառություն կարելի է համարել Վազգեն Սարգսյանի՝ ժամանակին նախաձեռնած վարչակլանային համակարգը կարգի բերելու մի քանի բավական նախնական քայլերը, բայց միաժամանակ հայտնի է, թե ինչով դրանք ավարտվեցին։ Մաֆիական օրենքները Հայաստանում իրենց տակ ճնշել էին ամեն ինչ, քաղաքականության օրինաչափություններն ու համամարդկային փորձը ներառյալ։ Սակայն ժողովրդական առողջ բնազդը, այնուհանդերձ, միշտ կարողանում է գտնել հույսի և փոփոխությունների ուղիներ։ Իսկ այսօր ստեղծված իրավիճակում ներքաղաքական գործընթացների երկու հիմնական դերակատարների՝ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի համար քաղաքական օրինաչափությունները և ժողովրդի կողմից ընկալված լինելն անհրաժեշտ է, քան երբևէ։ Երկուսն էլ, ակնհայտորեն չունենալով զուտ ռեսուրսային ապահովվածության պակաս, իրականում ունեն էլեկտորալ աջակցության և հասարակության կողմից համարժեք ընկալված լինելու լուրջ խնդիր, քանզի երկուսի պարագայում էլ առկա են բացասական ստերեոտիպներ։ Եվ որքան էլ վարկաբեկված ԶԼՄ-ները հակառակը պնդեն, հասարակության բացարձակ մեծամասնությունը հետևում է հենց այս երկու գործիչների պահվածքին ու հատկապես նրանցից սպասում «անձեռնմխելիների կաստան» ոչնչացնելու գործողություններ։
Եթե անդրադառնանք երկուսի պարագայում էլ առկա բացասական ստերեոտիպերին, ապա Տեր-Պետրոսյանի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը հիմնականում պայմանավորված է անկախության առաջին տարիներին տնտեսության քայքայմամբ և անարդյունավետ սեփականաշնորհմամբ, սպանություններով և պետական ռեկետով, քաղաքական հետապնդումներով և ժողովրդավարական նորմերի ոտնահարումներով։ Ըստ որում, բոլոր այդ փաստերի հետ կապված` հանրության դժգոհությունը ավելի շատ հասցեավորված է՝ ի դեմս Տեր-Պետրոսյանի վարչակազմի կոնկրետ դեմքերի։ Մանավանդ, որ այն տարիներին «բենզինային» և «մազութային», «հացի գործի» հետ առնչություն ունեցած անձինք այսօր էլ վատ չեն զգում իրենց և նույնիսկ ծաղկում են։ Ճիշտ է, հասարակական ընդհանուր ընկալման մեջ Տեր-Պետրոսյանը չի դիտարկվում իբրև այս ամենի անմիջական մասնակից, սակայն, այնուհանդերձ, ակնհայտ է, որ անգամ իբրև ընդդիմության առաջնորդ հանդես գալով, հետ չի կանգնում «յուրայիններին չեն հանձնում» սկզբունքից։ Այլ կերպ ասած` նա չի պատրաստվում հնչեցնել երկար սպասված արտահայտությունը, որ ցանկացած հանցագործության մեջ մեղավոր անձինք, անկախ դրա կատարման ժամանակաշրջանից, պետք է պատասխանատվություն կրեն։ Բացառություն կարելի է համարել միայն նրա վերջին արտահայտությունը, թե մարտի 1-ին ժողովրդի վրա կրակել են ոչ թե ոստիկանությունն ու բանակը, այլ որոշ օլիգարխների թիկնապահները։ (Չմոռանանք, որ այդ օլիգարխների մեծամասնությունը մի ժամանակ Տեր-Պետրոսյանի հովանու տակ էր և անհրաժեշտության դեպքում կփորձի նույնն անել, եթե իրավիճակը փոխվի)։ Բայց, այնուհանդերձ, առաջին նախագահը մի անգամ հայտարարեց. «Օլիգարխները բոլոր միջոցներով փորձում են իրենց ձեռքում պահել տնտեսությունը և իշխանությունը ու այդ նպատակով օգտագործում են ժողովրդի ու իշխանության միջև առկա օտարացումը»։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նույն խնդրի կապակցությամբ նրա կացությունը շատ ավելի բարդ է, քանզի նրա նկատմամբ էլ կա ընկալում՝ որպես արատավոր պետական համակարգի ճարտարապետներից մեկի, և այս առումով բնակչության մոռացկոտության վրա հույս դնելն անիմաստ է։ Սակայն, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, ներկայիս նախագահը շատ պրագմատիկ է հետևում ներքին և արտաքին կոնյունկտուրայի փոփոխություններին և հասցնում կողմնորոշվել դրանց համապատասխան։ Այսպիսով, նա և իր կողմից առաջ քաշված վարչապետ Տիգրան Սարգսյանը հռչակում են «կոռուպցիայի դեմ պայքարը սկսենք մեզանից» հասարակության մեծամասնության համար միանգամայն ընդունելի սկզբունքը, թեպետ իրականում գուցեև ելնում են Ռոբերտ Քոչարյանի կլանային կառույցները թուլացնելու և քաղաքականություն նրա վերադարձի հնարավորությունները նվազեցնելու ցանկությունից։ Հենց այդ համատեքստում հետաքրքիր է այն, որ նախկին նախագահի կողմնակիցներին զուգահեռ կառավարման համակարգից հեռացվեցին նաև Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատին դասվող մարդիկ։ Սա ոչ միայն մաքիավելական, այլև քարոզչական իմաստով փայլուն քայլ էր` կոչված ապացուցելու, որ իշխանությունը գնում է արմատական ներքին փոփոխությունների և այդ համատեքստում հույս ունի ստանալ նաև հասարակության աջակցությունը։ Ըստ որում, արմատական ընդդիմության գործողություններն ու պահանջներն էլ, ժամանակային առումով, խիստ համապատասխան են և օգտակար՝ իշխանության համակարգում դրական փոփոխությունների գործընթացն առաջ մղելու տեսանկյունից։
Այս խորապատկերի վրա բոլորովին առանձնակի տպավորություն են թողնում իր և իր շրջապատի համար իրավիճակը շտկելու Ռոբերտ Քոչարյանի ջանքերը։ Դատելով ամենից, նա այսօր ստիպված է անցնել պաշտպանության երկու ճակատով։ Նրա վերջին հարցազրույցը՝ Տեր-Պետրոսյանին ուղղված մեղադրանքներով, ոչ պակաս չափով վերաբերում էր նաև Սերժ Սարգսյանին։ Ի՞նչ արժե միայն Քոչարյանի այն արտահայտությունը, որ եթե կառավարման համակարգը լիներ իր վերահսկողության տակ, Թուրքիայի նախագահը Հայաստան ֆուտբոլ նայելու չէր գա։ Ըստ որում, լինելով միանգամայն վճռական մարտիկ, Քոչարյանն ակնհայտորեն հույս չի դնում հանրային աջակցության վրա, այլ, ամենայն հավանականությամբ, մտադիր է համախմբել կրիմինալ ռեսուրսները՝ իր և «իրենը» համարվող օլիգարխների, քաղաքական գործիչների, ԶԼՄ-ների և բոլոր նրանց շուրջ, ովքեր ոչ մի դրական սպասելիք չունեն ո՛չ Սերժ Սարգսյանից, ո՛չ էլ Լևոն Տեր-Պետրոսյանից։
Այս համատեքստում արժե մեկ անգամ էլ հիշեցնել հայտնի ճշմարտությունը, որ արքունիքն է ստեղծում թագավորին։ Եվ եթե հայաստանյան քաղաքական գործիչները շարունակեն ղեկավարվել ոչ թե ընտրազանգվածի ցանկություններով ու քաղաքական նպատակահարմարությամբ, այլ «յուրայիններին չեն հանձնում» մաֆիոզ օրենքով, ապա ժողովրդի համար, ի վերջո, միևնույնն է լինելու, թե որ կլանը կգտնվի իշխանության գլուխ, և ում հանցագործությունները կմնան այդպես էլ չբացահայտված։

Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 6720

Մեկնաբանություններ